Յուրաքանչյուր կրթօջախ իր բնակավայրի կենսագրության կրողն է, այդ բնակավայրի կենդանի տարեգիրը: 1971 թվականին հիմնադրված դպրոցը փոթորկուն ճանապարհ է անցել: Խորհրդային իշխանությունը դպրոցի շենքը դարձրեց գործկոմի և շրջկոմի նստավայր, իսկ աշակերտները տեղափոխվեցին շրջակա դպրոցներ: 1990 թվականին ազգային զարթոնքի ալիքը արթնացրեց շենքում ննջած դպրոցի հոգին, և պայքարի մղեց բնակչությանը: 1990 թվականի սեպտեմբերին դպրոցի բակում հնչեց բարի ավետիսի զանգը` դպրոցական առաջին զանգը. դպրոցը վերադարձվեց աշակերտին: Հետագայում հ.153 դպրոցը գտավ իր ճշմարիտ ուղին. սկսեց արձանագրել հաջողություններ տարբեր ոլորտներում, հաճախակի սկսեց հնչել հ. 153 դպրոցի անունը իբրև հաղթանակներ նվաճող կրթօջախի: 2012թ. մայիսին դպրոցի բակում կատարվեց հաղթանակի հանդիսություն. դպրոցը անվանակոչվեց Աջափնյակ համայնքի բնակիչ, մեծ հայագետ, լեզվաբան, մատենագետ, հասարակական գործիչ, հայի առանձնահատուկ տեսակ ունեցող, հայապահպանության գործում յուրատեսակ ավանդ ունեցող, խորհրդային իշխանության տարիներին երիտասարդությանը ինքնության պայքարի մղող, ազնիվ, շիտակ քաղաքացու, հայ խոսքի և հայ ժողովրդի ծառա Ռաֆայել Իշխանյանի անունով: Ես` հ.153 դպրոցի տնօրենս, աշակերտել եմ նրան և, ուսուցչիս հանդեպ կրելով խորին պատասխանատվություն, պարտավորվում եմ իմ աշխատանքային գործունեությամբ, որը ձուլվելու է հայագիտության, հայոց լեզվի և հայոց պատմության պաշտամունքի հետ, առանձնահատուկ վառ պահել նրա հիշատակը: Բազմաթիվ աշակերտներ է ունեցել Մեսրոպ Մաշտոցը, բայց նրանցից միայն մեկը` Կորյունը, գրեց իր ուսուցչի կենսագրությունը` <<Վարք Մաշտոցի>>-ն: Ռաֆայել Իշխանյանն էլ ունեցել է հազարավոր աշակերտներ, որոնց մեջ վառել է հայրենասիրության և հայագիտության ջահը: Բայց ես միակ երջանիկն եմ, ում վստահված է նրա անվան և հիշատակի արժևորումն ու պահպանումը: Ուսուցչիս հանդեպ ունեցած երախտագիտությամբ ուզում եմ բարի ավետիս ասել մեր կրթօջախին Ռաֆայել Իշխանյանի անվամբ անվանակոչելու կապակցությամբ: 2012թ. սեպտեմբեր ամսից անվանակոչության առիթով դպրոցի առարկայացանկում ավելացել է <<Մշակույթի պատմություն >> առարկան, իսկ <<Հայոց պատմություն >> առարկան դասավանդվում է նաև Ռաֆայել Իշխանյանի <<Պատկերազարդ պատմություն հայոց >> դասագրքով: Դպրոցում բացվել է Ռաֆայել Իշխանյանի անունը կրող հայագիտության սրահ, որտեղ անցկացվում են հայոց լեզվին, գրականությանը,հայոց պատմությանն ու հայ մշակույթին վերաբերող դպրոցական միջոցառումներ, առարկայական օլիմպիադաներ, ընթերցանության և ասմունքի մրցույթներ: